Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Եղած պաշարների վրա հույս դնել չի լինի

Եղած պաշարների վրա հույս դնել չի լինի
29.08.2008 | 00:00

ԳՈՐԾԸՆԹԱՑ
«Միանշանակ է, որ վրաց-ռուսական հակամարտությունն անուղղակիորեն իր բացասական ազդեցությունը պետք է թողներ Հայաստանի տնտեսական գործընթացների վրա, թեկուզ այն պատճառով, որ ապրանքաշրջանառության մոտ 70 տոկոսն իրականացվում է Փոթիի և Բաթումի նավահանգիստներով։ Մենք՝ պատգամավորներս, ավելի ազատ կարող ենք խոսել այս խնդրի մասին, իսկ գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները նման անկեղծ հայտարարության իրավունքը, հասկանալի է, չունեն»,- մեզ հետ զրույցում ասում էին ԱԺ պատգամավորները` վերլուծելով վրաստանյան վերջին իրադարձություններն ու դրանց ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։
Ինչ խոսք, որ օրենսդիրի և գործադիրի խոսքի ազատության չափերը հատկապես նման իրավիճակներում տարբեր են։ Սակայն մեր բնակչության, այսինքն՝ ժողովրդի համար, խոսքից և մեկնաբանություններից ավելի կարևորվում են գործնական քայլերը, որոնք, ըստ իրադարձությունների զարգացման, հնարավորինս կնվազեցնեն առաջացող տնտեսական խնդիրները։ Թեև հայրենի կառավարությունը բազմիցս նշել է, որ վառելիքի և պարենային այլ մթերքների խնդիր Հայաստանն այս պահին չունի, ավելին՝ եղած պաշարները դեռևս մեկ ամիս կբավարարեն, սակայն պարզ է, որ հույսը դնել եղած պաշարների վրա` սխալ կլիներ։ Նկատենք, որ այս պահին որոշակի ապրանքատեսակների մասով, այնուհանդերձ, սպառողը դժվարությունների է հանդիպում, մասնավորապես վառելիքի շուկայում (որոշ բենզալցակայաններում վառելիքը վաճառվում է միայն կտրոններով): Իսկ խոշոր ներկրողը դեռևս կարողանում է իրեն թույլ տալ առանց կտրոնի վառելիքի վաճառք իրականացնել, քանի որ մինչ հակամարտությունը վառելիքով լի տանկերները դուրս են բերվել Բաթումի նավահանգստից։ Բնականաբար, այս պահին կարևոր է և այն, որ «Զվարթնոց» օդանավակայանում ավիավառելիքի խնդիր չկա։ Այս մասին փաստում են նաև օդանավակայանի աշխատակիցները։ Թերևս սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հակամարտության տարածքից օտարերկրյա զբոսաշրջիկների և դիվանագիտական կորպուսի ընտանիքների անդամներին դուրս բերելու նպատակով որոշ երկրների ավիաընկերություններ հատուկ չվերթեր են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանից։ Այլ կերպ ասած, լրացուցիչ չվերթերի դեպքում անգամ, ինչպես փաստում են փորձագետները, «Զվարթնոց» օդանավակայանում եղած ավիավառելիքի պաշարները բավարարել են, և այժմ էլ պակաս չի նկատվում, ինչը, ըստ օդանավակայանի աշխատակիցների, պայմանավորված է ներկրող ընկերության կողմից ժամանակին և անհրաժեշտ քանակությունից ավելի ավիավառելիքի ներկրմամբ։ Ներկայացվածն ընդամենը մեկ ոլորտն է, սակայն, ցավոք, չենք կարող ասել, որ այլ ոլորտներում դժվարություններ չեն նկատվում։ Արդեն իսկ զգալի են զբոսաշրջության բնագավառի կրած վնասները։ Բավական է նշել, որ Բաթումում, Աջարիայում, Քոբուլեթիում և վրացական այլ վայրերում իրենց հանգիստն անցկացնող մեր հայրենակիցները ժամանակից շուտ վերադարձան կամ էլ չհասցրին մեկնել։ Համենայն դեպս, երկու դեպքում էլ տուրիստական գործակալությունները վնասներ կրեցին, քանի որ ստիպված էին զբոսաշրջիկներից հետ վերցնել հանգստյան ուղեգրերը։ Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ տնտեսության տարբեր ոլորտներում արտահանումը և ներկրումը «կանգնած» են։ Իսկ դա բոլորովին դրական ազդեցություն չի կարող ունենալ հարկային ու մաքսային մուտքերի վրա։ Կարծում ենք՝ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է պետության ճիշտ քաղաքականությունը, որպեսզի թացը չորի հետ չխառնվի։ Ինչ խոսք, շատ տեղին կլիներ և մասնագիտական առումով ճիշտ, որ այս հոդվածում զետեղված լիներ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեսակետը՝ արծարծվող խնդրի առնչությամբ, մանավանդ որ մենք դիմել ենք նրան և ակնկալում ենք վերջինիս պատասխանը։ Մյուս կողմից` մտավախություն ունենք, որ նախարարի պատասխանին դեռևս երկար կսպասենք, քանի որ կառավարությունում ձևավորվել է մի սկզբունք, համաձայն որի` վարչապետն ինքն է որոշում՝ երբ և ինչ խնդիրների վերաբերյալ որ նախարարը կարող է հանդիպել լրագրողների հետ։
Զարուհի ԹԵՐԶՅԱՆ

Դիտվել է՝ 5482

Մեկնաբանություններ